Կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդ (Globodera rostochiensis)
Կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդ (Globodera rostochiensis)
2022-08-10 17:07:19 984
Տարածվածությունը: Կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդի հայրենիքը Հարավային Ամերիկան է: Ներկայումս տարածված է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Արգենտինայում, Բոլիվիայում, Վենեսուելայում, Կոլումբիայում, Պերուում, Չիլիում, Էկվադորում, Մեքսիկայում, Պանամայում, Կոստա-Ռիկայում, Իսրայելում, Ալժիրում, Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում, Մարոկոյում, Հնդկաստանում, Պակիստանում, Ֆիլիպիններում,
Ճապոնիայում, Լիբանանում, Դանիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում, Սուդանում, Կիպրոսում, Մալթայում, Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Չեխիայում, Սլովակիայում, Սերբիայում, Իռլանդիայում, Իսլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Լյուքսենբուրգում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Լատվիայում, Լիտվիայում, Էստոնիայում, Բելառուսում, Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Արևմտյան Ավստրալիայում, Նոր Զելանդիայում:
Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է 1977 թ. Արթիկի շրջանի Լուսակերտ, Հոռոմ և Սարատակ գյուղերի տնամերձ հողակտորների կարտոֆիլի ցանքերում: Այժմ այն տարածված է Արթիկի, Վարդենիսի, Կրասնոսելսկի, Արագածի, Ապարանի, Աշոցքի, Մարտունու, Կամոյի, Սպիտակի, Տավուշի, Սևանի, Գորիսի շրջաններում:
Վնասակարությունը: Կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդը լուրջ վնաս է պատճառում կարտոֆիլին: Միաժամանակ արձանագրվել է նաև լոլիկի, սմբուկի և մի քանի տեսակի մորմազգի մոլախոտերի վրա: Ավելի հաճախ այդ հիվանդության օջախները հանդիպում են տնամերձ հողակտորներում, հատկապես այն հողերում, որտեղ կարտոֆիլը պարբերաբար աճեցվում է նույն տեղում՝ անփոփոխ:
Նեմատոդից վնասված բույսերը դանդաղ են աճում, ունենում են բարակ ցողուններ, մանր տերևներ, որոնք վաղաժամ դեղնում են, որի հետևանքով հաճախ բույսերը չորանում են: Նեմատոդից վնասված բույսերի մոտ զգալիորեն ընկնում է պալարագոյացումը, հաճախ պալարներ ընդհանրապես չեն ձևավորվում:
Մորֆոլոգիան և զարգացումը: Կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդը զարգացման ընթացքում անցնում է ձու, թրթուր (չորս հասակ), հասուն (արու կամ էգ) փուլերը: Էգերը սկզբում լինում են սպիտակավուն, այնուհետև դեղնում են և ձեռք բերում ոսկեդեղնավուն երանգ: Էգերն ունեն նաև ցիստային փուլ (մեռած էգեր, որոնք ներսից պարունակում են կեսունակ ձվեր և թրթուրներ):
Յուրաքանչյուր ցիստ պարունակում է 50-ից մինչև 1000 ձու և թրթուր: Արմատների վրա դրանք լավ տեսանելի են, լինում են ոսկեփայլ, իսկ աշնանը՝ մուգ դարչնագույն: Ցիստերը գնդաձև են, երբեմն տանձաձև, մարմնի երկարությունը 0.5-1 մմ է, հետին մասը կլորավուն է: Ձվի միջին երկարությունը 0.1 մմ է, իսկ լայնությունը՝ 0.045 մմ: Արուները որդանման են, անգույն, 0.9-1.2 մմ երկարությամբ և 0.031-0.046 մմ լայնությամբ:
Գարնանը, ջերմաստիճանի և խոնավության նպաստավոր պայմաններում, ինչպես նաև կարտոֆիլի արմատների կողմից արտադրվող խթանիչ նյութերի ազդեցության տակ, ցիստերում գտնվող ձվերից դուրս են գալիս մեծ թվով թրթուրներ և բնակություն հաստատում արմատների վրա: Թրթուրները մտնելով արմատի մեջ՝ կորցնում են շարժունակությունը, սնվում են բջիջների պարունակությամբ և վեգետացիայի ընթացքում անցնում զարգացման երեք փուլ: Չորրորդ փուլի վերջում թրթուրներից ձևավորվում են էգեր կամ արուներ: էգը պատռում է արմատի արտաքին շերտը և մնում նրա վրա գլխով կպած վիճակում, սնվում է բույսի սննդարար նյութերով: Արուները դուրս են գալիս հողի մեջ, որտեղ փնտրում են էգերին և զուգավորում, որից հետո մահանում են, իսկ էգերը մնալով արմատների վրա՝ ուժեղ ուռչում են, լցվելով ձվերով, ապա մահանում են և վերածվում ցիստերի: Կարտոֆիլի բերքահավաքի ժամանակ ցիստերը հեշտությամբ անջատվում են արմատների վրայից և մնում հողի մեջ:
Այսպիսով, յուրաքանչյուր սերնդի զարգացումը, կախված հողի ջերմաստիճանից և խոնավությունից, ինչպես նաև կարտոֆիլի ցանքի ժամկետից, տևում է 40-65 օր: Վեգետացիայի ընթացքում կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդը տալիս է մեկ սերունդ, իսկ նպաստավոր պայմաններում կարող է զարգանալ նաև երկրորդ սերունդը:
Պայքարի միջոցառումներ: Արգելվում է կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդով վարակված տնտեսություններից դրանից զերծ տնտեսություններ կարտոֆիլի և մորմազգի այլ բույսերի փոխադրումը: Անհրաժեշտ է հետևել վարակված օջախների վարակազերծման աշխատանքներին և թույլ չտալ այնտեղից մեքենաների և գործիքների հետ հողի տեղափոխումը նեմատոդից ազատ տարածքներ: Կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդից վնասվող սորտերը պետք է փոխարինել դիմացկուններով:
Նեմատոդի դեմ պայքարում զգալի նշանակություն ունի ցանքաշրջանառությունը: Առավել տարածված են մշակաբույսերի հետևյալ հաջորդականությունը՝ գարի, աշնանացան հացահատիկ, կարտոֆիլի նեմատոդադիմացկուն սորտ: Կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդի դեմ պայքարելու համար կիրառել նեմատիցիդներ: Անհրաժեշտ է նաև տնկումից հետո հողը ջրել ֆենամիֆոսով (40% խ.է.)` 3-8 լ/հա:
Առավել մանրամասն՝ այստեղ