ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Արևելյան պտղակեր (Grapholitha molesta Busck.)

Արևելյան պտղակեր (Grapholitha molesta Busck.)

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-08-10 17:17:45 Արևելյան պտղակեր (Grapholitha molesta Busck.) 1178

sibiraxt

Տարածվածությունը: Հայրենիքը Արևելյան Ասիայի երկրներն են՝ Կորեան, Չինաստանը, Ճապոնիան: Ներկայումս տարածված է Ամերիկայում, Ավստրալիայում, Եվրոպական մի շարք երկրներում, Նոր Զելանդիայում, Ադրբեջանում, Վրաստանում, Թուրքիայում, Սիրիայում, Ուզբեկստանում, մասամբ՝ Աֆրիկայում:

Հայաստանում արևելյան պտղակերը հայտնաբերվել է 1972 թ. Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշեն ավանի դեղձենու տնկարկներում: Ներկայումս վարակի օջախներ կան նաև Տավուշի, Իջևանի, Թումանյանի, Արտաշատի, Բաղրամյանի, Թալինի, Արարատի, Արմավիրի, Մասիսի, Էջմիածնի, Մեղրու, Գուգարքի, Ստեփանավանի, Աշտարակի, Գորիսի, Եղեգնաձորի, Վայքի, Տաշիրի, Կոտայքի, Կապանի տարածաշրջաններում և Երևան ու Վանաձոր քաղաքներում: ptghaker2

Վնասակարությունը: Արևելյան պտղակերը խիստ վտանգավոր, բազմակեր (պոլիֆագ) կարանտին վնասատու է: Արևելյան պտղակերը վնասում է կորիզավոր և հնդավոր շատ ծառատեսակների շիվերն ու պտուղները: Ուժեղ վարակվածությունը առաջ է բերում կանաչ զանգվածի աճի դադարում: Վնասված պտուղները քայքայվում են և դառնում անպիտան:

Հատկապես գերադասում է դեղձենուն, որի ուշահաս սորտերի (Ճուղուրի, Նարինջի ուշահաս) պտուղները վնասվում են 100%-ով: Նման վնասվածություն նկատվում է նաև սերկևիլի պտուղներում: Եվրոպական երկրներում այս վնասատուն վնասում է դեղձենու ընձյուղների և պտուղների մինչև 90%-ը և տանձենու 50%-ը: Չինաստանում ոչնչացնում է տանձի 50%-ը, իսկ Ուզբեկստանում և Անդրկովկասում վնասում է սերկևիլի և տանձի 70%-ը և դեղձի համարյա 100%-ը: Ավելի քիչ տուժում են խնձորենին, սալորենին, մուշմուլան, ծիրանենին:

Ուժեղ վարակվածության դեպքում յուրաքանչյուր պտղում կարող է հանդիպել մինչև 10 և ավելի թրթուր: Թրթուրները, սնվելով դեղձենու շվի միջուկով, առաջացնում են 12-15 սմ երկարությամբ բաց ուղի, որի հետևանքով վնասված մասից վերև գտնվող տերևները չորանում են, իսկ շվերը սկզբում թառամում են, ապա չորանում ու հաճախ կոտրվում:

Մորֆոլոգիան: Թիթեռը փոքր է, լայն, համարյա ուղղանկյունաձև թևերով, որոնց հետևի և արտաքին եզրերն առաջացնում են անկյուն (նկ. 13): Հանգիստ վիճակում թևերը տանիքաձև դարսված են մեջքի երկայնքով: Առաջնաթևերը ծածկված են մոխրավուն-սպիտակ թեփուկներով, առջևի եզրերը կրում են սպիտակ գույնի 13-15 թեք շերտեր: Հետևի զույգ թևերը մոխրավուն դարչնագույն են, մոխրավուն-սպիտակ ծոպերով: Ստորին կողմում և’ առաջնաթևերը, և’ հետևինները արծաթափայլ մոխրագույն են: Թևերի բացվածքը՝ 12-14 մմ է:

Մարմինը մուգ մոխրագույն է, 6-7 մմ երկարությամբ: Ձուն ձվաձև է, կիսաթափանցիկ, սպիտակ սադափե փայլով, հասունացմանը զուգընթաց աստիճանաբար փայլը նվազում է, դառնում վարդագույն: Երկարությունը 0.4-0.5 մմ է, լայնությունը՝ 0.2 մմ:

Հարսնյակը բաց դարչնագույն է, կարմրավուն երանգով, փորի հատվածների վրա մեջքային կողմից կրում է երկու շարք խոզաններ: Աչքերը սև են, բարդ կառուցվածքով: Փորիկի ծայրում կան 10-18 տարբեր երկարության փշիկներ: Թիթեռների թռիչքի նախօրյակին հարսնյակները ձեռք են բերում մուգ դարչնագույն երանգ: Հարսնյակի երկարությունը 6-8 մմ է, գտնվում է թափանցիկ, օվալաձև, 10-12.5 մմ երկարությամբ բոժոժի մեջ:

Զարգացումը: Հասուն թրթուրները ձմեռում են խիտ մետաքսյա բոժոժներում, հիմնականում ծառի բնի, ճյուղերի ճեղքերում, չոր, կիսապոկված կեղևների տակ, մումիացած պտուղներում, թափված տերևների և բուսական մնացորդների տակ, հողի վերին շերտերում, ինչպես նաև տարաներում, պտղապահեստներում:

Ձմեռած թրթուրների հարսնյակավորումն սկսվում է դեղձենիների ծաղկման և սերկևիլենու բողբոջների բացման շրջանում: Հարսնյակի զարգացումը տևում է 8-12 օր: Թիթեռների թռիչքը սկսվում է 15-160C օդի միջին ջերմաստիճանի պայմաններում և շարունակվում է 20-29 օր: Թիթեռները հատկապես ակտիվ են աղջամուղջից մինչև լրիվ մթնելը: Ձմեռած սերնդի թիթեռների ձվադրումն սկսվում է հասունների հանդես գալուց 3-5 օր հետո և շարունակվում 18-25 օր: Վեգետացիոն շրջանում վերջին սերունդը հարսնյակավորվում է ձմեռման տեղերում:

Յուրաքանչյուր սերնդի զարգացումը (ձվից մինչև հասուն առանձնյակ) միջին հաշվով տևում է 30 օր: Արարատյան հարթավայրի պայմաններում վնասատուն տարեկան տալիս է 4, իսկ հյուսիս-արևելյան գոտում՝ 5 սերունդ:

Կարանտին սահմանափակումներ և պայքարի միջոցառումներ: Կտրականապես արգելվում է արևելյան պտղակերով վարակված վայրերից այդ վնասատուից ազատ վայրեր տեղափոխել դեղձենու, ծիրանենու, սալորենու, շլորենու, բալենու, կեռասենու տնկիներ, կտրոններ և պտուղներ: Արևելյան պտղակերի հետագա տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է կիրառել պետական կարանտին ծառայության կողմից սահմանված բոլոր միջոցառումները:

Վաղ գարնանային էտի ժամանակ անհրաժեշտ է կտրել չորացած ճյուղերը, ինչպես նաև արմատավզիկից դուրս եկած հոռաշվերը և այրել: Մաքրված ծառերի բները սպիտակեցնել 20% կրակաթով: Վեգետացիայի ընթացքում պարբերաբար ստուգել ծառերը և սաղարթից հեռացնել ու այրել արևելյան պտղակերի կողմից վնասված շվերը: Կատարել պտղի թափուկի սիստեմատիկ հավաք և անմիջապես այն թաղել հողում՝ 50 սմ խորությամբ: Արևելյան պտղակերի կողմից վնասված պտուղները տեսակավորման միջոցով առանձնացնել և իրացնել միայն տեղում:

Առավել մանրամասն՝ այստեղ