Ֆիլոքսերա (որդալվիճ) (Viteus vitifoliae Fitch)
Ֆիլոքսերա (որդալվիճ) (Viteus vitifoliae Fitch)
2021-12-15 12:31:51 1641
Ֆիլոքսերա թարգմանաբար նշանակում է «խաղողի տերևի չորացնող» կամ «արմատային լվիճ-ավերող»:
Տարածվածությունը: Ֆիլոքսերայի հայրենիքը Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, որտեղից տնկանյութի հետ բերվել է Ֆրանսիա և 1868 թ. նկարագրվել որպես խաղողի վազի վնասատու: Ներկայումս տարածված է աշխարհի խաղողագործական գրեթե բոլոր երկրներում: Խաղողի ամենավտանգավոր կարանտին վնասատուն է: Կարճ ժամանակահատվածում ոչնչացրել է երկրագնդի խաղողի տնկարկների 70%-ը:
Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է 1926 թ. Նոյեմբերյանում, իսկ 2010-2014 թթ.՝ նաև ՀՀ Արմավիրի մարզի որոշ համայնքներում:
Վնասակարությունը: Վնասում է խաղողի բույսի ընձյուղները, տերևները, բեղիկները, ստորգետնյա շտամբը և արմատային համակարգը:Ըստ վնասակարության բնույթի ֆիոքսերան ունի երկու ձև՝ արմատային և տերևային: Առավել վտանգավոր է խաղողի ամերիկյան Vitis labrusca սորտի մոտ հանդիպող արմատային ձևը և վնասատուի կարճ կնճիթով ռասան, որն ապրում է միայն խաղողի վազի տերևների վրա, ինչպես նաև Vitis riparia սորտի վրա ապրողը:
Ընդհանուր առմամբ խաղողի եվրոպական և ասիական սորտերի վրա զարգանում է միայն արմատային ձևը, ոչ լրիվ ցիկլով, կուսածնությամբ: Տերևները վարակվում են խաղողի ամերիկյան սորտերի և հիբրիդների մոտ, որոնց վրա վնասատուն ապրում է և՛ տերևների, և՛ արմատների վրա, զարգանում է լրիվ ցիկլով:
Մորֆոլոգիան: Ֆիլոքսերային հատուկ է պոլիմորֆիզմը (բազմաձևություն). ունի տերևային, արմատային, նիմֆայի, թևավոր և սեռական ձևեր:
Զարգացման սեռական ցիկլը ներառում է հետևյալ գեներացիաները. տերևային ձևի անթև էգեր, արմատային ձևի անթև էգեր, թևավոր կուսական առանձնյակներ, սեռական առանձնյակներ՝ էգեր և արուներ: Կախված խաղողի սորտից՝ արմատային և տերևային ձևերը կարող են զարգանալ առանձին կամ փոխկապակցված:
Արմատային ձևն ապրում է արմատների վրա, իսկ տերևային կամ գալային ձևն ապրում է միայն տերևների վրա և էապես տարբերվում է արմատայինից:
Պայքարի միջոցառումներ: Ֆիլոքսերայի դեմ պայքարն առաջին հերթին ներառում է կանխարգելիչ միջոցառումներ: Ամենից առաջ տնկանյութ գնողը պետք է դրանք ձեռք բերի ֆիլոքսերայից զերծ գոտիներից: Իսկ վարակված տարածքներում պետք է կիրառվեն հետևյալ կանխարգելիչ միջոցառումները. պետք է արգելվի ֆիլոքսերայով վարակված տնտեսություններից խաղողի արմատակալների, կտրոնների, տերևների, խաղողի, հողի փոխադրումը: Անհրաժեշտ է իրականացնել խաղողի տնկարկների հետազոտություններ՝ վարակի վաղ հայտնաբերման նպատակով: Արմատային ֆիլոքսերայի հայտնաբերման համար թփերի շուրջ հողը փորում են 0.5-1.5 մ խորությամբ, այնուհետև ոսպնյակի օգնությամբ զննում արմատները, հատկապես՝ երիտասարդ (1-2-տարեկան) արմատները և մազարմատները: Որոշ դեպքերում ֆիլոքսերան պետք է փնտրել ավելի մեծ՝ մինչև 3.5 մ խորությունների վրա: Վաղ գարնանը և ուշ աշնանը պետք է զննել նաև ավելի հաստ արմատները, քանի որ այդ ժամանակահատվածում ֆիլոքսերան գլխավորապես գտնվում է դրանց վրա՝ մազարմատների քիչ քանակության կամ նույնիսկ բացակայության պատճառով: Զննում են նաև բույսի վերգետնյա մասերը՝ սեռական սերնդի առանձնյակները, թևավոր առանձնյակները և ձվերը հայտնաբերելու համար: Ֆիլոքսերայի ձմեռային ձվերը ոչնչացնելու նպատակով ցողունի ստորին հատվածից հեռացնում են արտաքին շերտը և օծում ձվերը ոչնչացնող որևէ միջոցով:
Առավել մանրամասն՝ այստեղ