ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Սննդամթերքի անվտանգության կանոնների պահպանումը ճանապարհորդելիս

Սննդամթերքի անվտանգության կանոնների պահպանումը ճանապարհորդելիս

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-08-15 17:03:34 Սննդամթերքի անվտանգության կանոնների պահպանումը ճանապարհորդելիս 1333

Արձակուրդ. ինչ անհամբերությամբ ենք սպասում դրան: Արձակուրդային ժամանակահատվածը շատերս ծրագրում ենք ամռան ամիսներին, քանի որ ավելի հաճելի է տաք եղանակին ճանապարհորդության մեկնելը. դպրոցներում ու բուհերում դասերն ավարտվել են, ամբողջ ընտանիքը հանգստի մեջ է:

Սակայն անկախ այն բանից, թե որտեղ մենք կանցկացնենք հանգիստը, կա մի բան, որի կարիքը միշտ ունենք. սնունդ: Եվ սննդի հետ կապված ռիսկը կարող է ցածր կամ բարձր լինել՝ կախված անվտանգության միջոցառումներից, որոնք մենք ձեռք կառնենք ամռանը ճանապարհորդելիս:

Ճանապարհորդության մեկնելուց առաջ հիշեք, որ մի քանի պարզ կանոնների պահպանումը կարող է պաշտպանել մեզ և մեր ընտանիքին թունավորվելուց, և ճամփորդությունն էլ չի փչանա: Ահա այն կանոնները, որոնք խորհուրդ է տրվում պահպանել:

1. Նախապես ծրագրեք սննդամթերքի տեսականին և պահպանումը: Աշխատեք գնել ուշ փչացող սննդամթերք: Եթե ճանապարհորդության եք մեկնում շուտ փչացող սննդամթերքով, տեղավորեք այն ջերմամեկուսիչ հատուկ պայուսակում՝ սառեցրած գելային տարայի հետ միասին (որպես գելային տարայի փոխարինիչ կարող է ծառայել նախօրոք սառցարանում սառեցված ջրով լի պլաստմասե շիշը):

Եթե ստիպված եք շուտ փչացող սնունդը (մսամթերք, թռչնամիս, ձու, աղցան) երկար պահել ձեզ մոտ, ապա այն ըմպելիքից առանձին պայուսակում պահեք և աշխատեք առավելագույնս քիչ բացել-փակել այն:

2. Փաթեթավորեք խնամքով: Շուտ փչացող սննդամթերքը հարկ է նախապես սառեցնել, այնուհետև փաթեթավորել այն սառը վիճակում. այս դեպքում այն ավելի երկար կմնա սառը, հետևաբար՝ անվտանգ: Հայտնի է, որ ամբողջովին լցված ջերմամեկուսիչ պայուսակն ավելի լավ է պահպանում ներսի սառնությունը, քան կիսով չափ լցվածը: Սակայն, եթե ճանապարհորդության համար նախատեսված սննդամթերքը չի լցնում պայուսակը, ապա լրացրեք բաց տեղերը սառած տարաներով:

Համոզվեք, որ շուտ փչացող հում սննդամթերքը (մսամթերքը, թռչնամիսը, ձուն) առանձին է փաթեթավորված հում վիճակում օգտագործվող սննդամթերքից (մրգերից ու բանջարեղենից):

Եթե մեկնում եք երկարատև ճամփորդության դեպի լեռներ կամ անտառ, վերցրեք երկու ջերմամեկուսիչ պայուսակ, որոնցից մեկը լցրեք մոտ ժամանակներում օգտագործելու համար նախատեսված սննդամթերքով, իսկ մյուսը՝ համեմատաբար ավելի ուշ օգտագործման ենթակա սննդամթերքով: Վերջին պայուսակն աշխատեք բացել հնարավորինս հազվադեպ:

3. Հիշեք, որ ուտեստով լի պայուսակը պետք է դնել ստվերում: Լավ կլինի ծածկել այն բաց գույնի ծածկոցով (բաց գույնն անդրադարձնում է ճառագայթները):

4. Վերցրեք ջուր կամ այլ ընպելիքներ: Հիշեք, որ գետերի ու աղբյուրների ջրերը միշտ չէ, որ խմելի են:

5. Սնունդ պատրաստելիս ձեռքերն ու սպասքը պահպանեք մաքուր: Մաքուր ջրի բացակայության դեպքում օգտագործեք ախտահանիչ հեղուկ կամ անձեռոցիկներ:

6. Պատրաստված սնունդը տաք եղանակին (32օC-ից բարձր ջերմաստիճանում) առանց սառնարանի չի կարելի պահել 1 ժամից ավելի, իսկ համեմատաբար ցուրտ եղանակին՝ 2 ժամից ավելի, որից հետո սնունդն արդեն վտանգավոր է առողջության համար:

7. Եթե մեկնում եք ձկնորսության, ձուկը բռնելուց հետո անհրաժեշտ է անմիջապես այն մաքրել և ազատել փորոտիքից: Մաքրած ամբողջական ձուկը պահպանեք սառույցի կտորներով լցրած անջրանցիկ պլաստմասե տարայում: Սառույցի մեջ ձուկը պահեք ոչ ավելի, քան 2 օր, կամ սառեցրեք այն: Եփած ձուկը կարելի է ուտել 3-4 օրվա ընթացքում, եթե այն եփված վիճակում պահպանված է սառնարանում:

8. Խեցգետինը և այլ կաղապարավորներն անհրաժեշտ է մինչև եփելը ողջ պահել: Պահպանեք դրանք ցանցի մեջ՝ խոնավ կտորի տակ: Խորհուրդ է տրվում եփել դրանք հենց բռնելու օրը: Համոզվեք, որ դրանք լավ են եփվել:

9. Եթե լողափին եք, հնարավորության դեպքում պահպանեք սննդամթերքով լի ջերմամեկուսիչ պայուսակը ստվերում և ծածկեք ավազով կամ սրբիչներով:

10. Մաքուր սրբիչ փռեք ուտեստների տակ:

11. Աշխատեք տաք վիճակում օգտագործվող սննդամթերքն ուտել տաք և սառը վիճակում օգտագործվողը՝ սառը:

12. Եթե ճանապարհորդում եք տուն-ավտոմեքենայով, ապա այնտեղ պահված սննդամթերքի տարաներն ու դարակները մաքրեք ու նախապատրաստեք ճամփորդությանը: Մաքրեք և փորձարկեք նաև սառնարանը, գազօջախը և ծորակը: Մաքրություն պետք է կատարել տաք ջրով և ախտահանիչ օճառային հեղուկով:

Այս մի քանի պարզ և բոլորիս ծանոթ կանոնների պահպանումը կօգնի խուսափել ճանապարհորդության ընթացքում թունավորումների մասին տհաճ հիշողություններից: