Ի՞նչ է PLU (Price-Look Up) կոդավորման համակարգը
Ի՞նչ է PLU (Price-Look Up) կոդավորման համակարգը
2022-08-15 17:17:36 1350
PLU (Price-Look Up) կոդավորման համակարգը մշակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ստանդարտների մշակման միջազգային կոմիտեի (IFPS) կողմից՝ թարմ միրգ-բանջարեղենի նույնականացման նպատակով: Կոդավորումը մշակվել է հիմնականում Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Կանադայում, Նոր Զելանդիայում, Ավստրիայում, Եվրոպական երկրներում և վերջերս արդեն Մեխիկոյում` ապահովելու համար միրգ-բանջարեղենի առևտրաշրջանառության հետագծելիությունը:
PLU կոդավորման համակարգը կամավոր է և առաջին անգամ կիրառվել է 1990 թվականին մանրածախ առևտրում՝ վաճառված և պահեստում առկա ապրանքների վերաբերյալ տվյալները հնարավորինս կառավարելու նպատակով: Այնուհետև Ստանդարտների մշակման միջազգային կոմիտեի կողմից մշակվեց միավոր մթերքի դասի, տեսակի, ինչպես նաև աճեցման և մշակման եղանակների նույնականացման հատուկ կոդ՝ կանխելու տվյալ տեսակների կեղծումները: PLU կոդը բաղկացած է 4 կամ 5 նիշից՝ ընդգրկելով հիմնականում 3000-4000 միջակայքը: 4 նիշանի կոդավորումը նշանակում է, որ տվյալ տեսակի միրգը կամ բանջարեղենը աճեցվել է ավանդական եղանակով, իսկ քառանիշ կոդից առաջ 9 թվի առկայությունը նշանակում է մրգի կամ բանջարեղենի աճեցման օրգանական եղանակի մասին:
PLU քառանիշ կոդի առջևից 8 թվի նշանակումը ի սկզբանե նախատեսված է եղել Գենետիկորեն մոդիֆիկացված տեսակների համար, սակայն այդ նպատակով երբեք չի կիրառվել և Ստանդարտների մշակման միջազգային կոմիտեի կողմից նախատեսվում է 83000 թվերի համակցությունը կիրառել ավանդական եղանակով աճեցված տեսակների, իսկ 84000 սերիան օրգանական տեսակների համար: PLU քառանիշ կոդի դիմաց այլ թվերի առկայությունը կարող է նշանակել երկրի ներքին շուկայի համար մշակված տարբերակ, այլ ոչ Ստանդարտների մշակման միջազգային կոմիտեի կողմից ընդունված:
PLU պիտակի վրա թույլատրվում է տպագրել արտադրողի ապրանքանիշ, որը չպետք է իր չափերով գերազանցի PLU կոդին: