ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Դաբաղ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-08-16 16:51:45 Դաբաղ 2142

Դաբաղը ընտանի և վայրի երկկճղակավոր կենդանիների սուր վարակիչ վիրուսային հիվանդություն է, որն ընթանում է կարճատև տենդով, բերանի խոռոչի լորձաթաղանթի, միջկճղակային տարածության, պսակի և կրծքի հատվածի մաշկի բշտիկային (աֆթոզային) ախտահարումներով: Այն կարող է տարածվել չափազանց արագ և վարակել զգայունակ կենդանիների հոծ խմբեր` մեծ տնտեսական վնաս հասցնելով անասնապահությանը: Դաբաղով կարող են վարակվել նաև մարդիկ` հատկապես երեխաները:

Հիվանդության հարուցիչը ռիբովիրուսն է, որը պատկանում է Ribocubica դասին, Picornaviridae ընտանիքին, Aphtovirus խմբին, ունի 7 հիմնական տեսակներ՝ «A», «O», «C», «Sat-1», «Sat-2», «Sat-3», «Asia-1» և մի քանի տասնյակ ենթատեսակներ: Դաբաղի վիրուսը շատ զգայունակ է ջերմության և ջրածնի իոնների քանակի փոփոխության նկատմամբ: Արտաքին միջավայրում վիրուսի պահպանման լավագույն պայմաններն են` ցածր ջերմաստիճանը, բարձր խոնավությունը և ջրածնային իոնների չեզոք միջավայրը: 37-38օC պայմաններում վիրուսը զրկվում է իր ախտածնությունից 12-96 ժամվա ընթացքում: Թթվային և խիստ հիմնային միջավայրերում վիրուսները շատ արագ ոչնչանում են:

Բուժումը` Բուժման սկզբում նախ պետք է տալ փափուկ, հյութալի, ոչ գրգռիչ, դյուրամարս կերեր, բերանի խոռոչը պետք է լվանալ՝ քացախաթթվի 2%-անոց լուծույթով, կամ կալիումի պերմանգանատի 1:1000 լուծույթով, կամ ֆուրացիլինի 1:5000 լուծույթով: Արտաքին բշտերին կարելի է քսել ձյութ, տաուտ:

Հիվանդացած-առողջացած, դաբաղի դեմ պատվաստված և հիվանդների հետ պահված կենդանիները երկար ժամանակ (մեկ տարվա չափով) կարող են մնալ վիրուսակիր և հանդիսանալ վարակի հարուցչի հնարավոր աղբյուր: