ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Եվրոպական միություն

Եվրոպական միություն

ՀՀ-ից ԵՄ արտահանվող հայկական արտադրության բնական մեղրի համար արտահանման հայտ ներկայացնելու ժամանակ մարզային կենտրոն պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը
1. Հաշիվ ապրանքագիր
2. Ծագման սերտիֆիկատ
3. Համապատասխանության հայտարարագիր
4. Լաբորատոր փորձարկման արձանագրություն (ցուցանիշները որոշում է արտահանողը, համաձայն ներմուծող երկրի պահանջների)
5. Այլ փաստաթղթեր (ներմուծող երկրի պահանջի դեպքում, որը պետք է մարզային կենտրոնին հայտնի արտահանողը կամ դիմի Տեսչական մարմնին, որպեսզի Տեսչական մարմինն իրականացնի հարցում)

** Եթե համապատասխանության տեղեկանքի կամ անասնաբուժական սերտիֆիկատի մեջ անհրաժեշտ է նշել տեղեկատվություն, որն առկա չէ արտահանողի ներկայացրած վերոնշյալ փաստաթղթերում, ապա արտահանողը պարտավոր է ներկայացնել այդ տեղեկատվությունը հիմնավորող լրացուցիչ փաստաթուղթ։
** Արտահանողը պարտավոր է յուրաքանչյուր խմբաքանակ արտահանելուց առաջ ճշտել ներմուծող երկրի պահանջները, համուզվել, որ իր արտադրանքը համապատասխանում է ներմուծող երկրի պահանջներին և նոր արտահանման թույլատվական փաստաթուղթ ստանալու համար դիմել Տեսչական մարմին։

Փաստաթղթերը Տեսչական մարմին ներկայացնելուց հետո (անհամապատասխանություններ չլինելու դեպքում) 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է համապատասխանության տեղեկանք։

Այնուհետև արտահանողը «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» հարթակում տեղադրված «Թույլատվական փաստաթղթեր» համակարգով ստեղծում է միասնական հայտ, որտեղ կցում է վերոնշյալ 5 պահանջներին վերաբերող փաստաղթերը, ինչպես նաև Տեսչական մարմնի տրամադրած համապատասխանության տեղեկանքը։

Ներկայացված գործառնություններն ապահովելուց հետո Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տրամադրում է առողջության սերտիֆիկատ։

ԵՄ մեղր արտահանող ընկերությունները պետք է հավանություն ստանան արտահանող երկրների իրավասու մարմինների կողմից (Հայաստանում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից)։

Համապատասխան հավաստագիր ստացած ընկերությունների ցանկը կփոխանցվի Եվրոպական հանձնաժողով և կհրապարակվի «TRACES» համակարգում, որը հասանելի է հետևյալ էլեկտրոնային հղմամբ՝
https://webgate.ec.europa.eu/tracesnt/directory/listing/establishment/publication/index#!/search?classificationSectionId=HONEY_AND_OTHER_APICULTURE&classificationSectionChapter=food&countryCode=AM:
2024 թվականի նոյեմբերի 29-ից միայն նշված կայքում հրապարակված ընկերությունները կկարողանան շարունակել մեղրի արտահանումը։

Լրացուցիչ մանրամասները հասանելի են «AGRINFO» զեկույցում, որը հասանելի է հետևյալ էլ հղմամբ՝ https://agrinfo.eu/book-of-reports/mandatory-listing-of-establishments-exporting-honey-and-clarifications-on-animal-products/ :

Եվրոպական Միության Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.

1) իրավաբանական անձի գրանցման վկայականի պատճենը,
2) տարածքի գծապատկերը և հիմնական շինությունների լուսանկարները,
3) տեղեկատվություն անվտանգության կառավարման համակարգերի վերաբերյալ,
4) ներդրված վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի հաստատված պլանը
(կիրառելի չէ ձկնաբուծական տնտեսությունների համար),
5) ջրի որակի լաբորատոր փորձաքննության արձանագրությունը
(կիրառելի է ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար, եթե պահպանումից բացի իրականացվում է նաև վերամշակում),
6) արտադրության տեսակը (համառոտ նկարագիրը),
7) տնտեսավարող սուբյեկտի կազմում գործող բոլոր առանձնացված ստորաբաժանումների անվանումները, իրականացվող գործունեության տեսակները և գտնվելու վայրը (հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն),
8) տարածքների և ենթակառուցվածքների՝ արտադրական տարածքների, վերամշակման գոտիների, օգտագործվող սարքավորումների և պահեստային հզորությունների վերաբերյալ տեղեկատվություն,
9) տեղեկատվություն բուծվող կամ վերամշակվող կամ պահպանման նպատակով ձկան կամ ձկնամթերքի տեսակների վերաբերյալ,
10) արտահանման նպատակով ներկայացված ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրերը,
11) արտադրության տարեկան ծավալները, հզորությունը (կգ, տոննա, հատ),
12) տեղեկատվություն ձկնաբուծարանների տեսակի վերաբերյալ (արդյունագործական բաց ջրային կամ փակ համակարգ, կամ հոսքային կամ համակցված կամ այլ)
(կիրառելի չէ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների և ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար),
13) տեղեկատվություն օգտագործվող ջրի աղբյուրի վերաբերյալ
(կիրառելի չէ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների և ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար),
14) տեղեկատվություն օգտագործվող կերի, կերային հավելումների վերաբերյալ
(կիրառելի չէ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների և ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար),
15) տեղեկատվություն կենդանիների հիվանդությունների կանխարգելման, մշտադիտարկման և անասնաբուժական հսկողության վերաբերյալ
(կիրառելի չէ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների և ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար),
16) տեղեկատվություն թափոնների կառավարման վերաբերյալ
(կիրառելի է ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար, եթե պահպանումից բացի իրականացվում է նաև վերամշակում),
17) տեղեկատվություն ջրահեռացման և մաքրման համակարգերի վերաբերյալ
(կիրառելի է ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար, եթե պահպանումից բացի իրականացվում է նաև վերամշակում),
18) պետական գրանցման նույնականացման հաշվառման համարը
(կիրառելի է ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար, եթե պահպանումից բացի իրականացվում է նաև վերամշակում)։


Փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո մինչև հինգ աշխատանքային օրվա ընթացքում, դիմումատուի մոտ կիրականացվի ստուգում՝ գրանցման համար սահմանված պահանջների համապատասխանությունը և ներկայացված փաստաթղթերի արժանահավատությունը պարզելու նպատակով։

Ստուգման շրջանակներում կկատարվի նմուշառում՝ արտադրված արտադրանքի՝ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանությունը լաբորատոր փորձաքննության միջոցով պարզելու նպատակով։

Ստուգումն իրականացվելու է 10-15 աշխատանքային օրվա ընթացքում։

Անհամապատասխանություններ չհայտնաբերելու դեպքում՝ տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը կգրանցվի համակարգում և կներկայացվի Եվրոպական Հանձնաժողովի հաստատմանը։

Հաստատման մասին տեղեկատվությունը էլեկտրոնային փոստի միջոցով կտեղեկացվի դիմումատուին՝ տրամադրելով գրանցման համարը, որից հետո տնտեսավարողը համակարգ մուտք գործելու համար ստեղծում է իր օգտահաշիվը։

«TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է:

Կարգ

«Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում տնտեսավարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգը հաստատելու» որոշում N 1060-Ն