ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Մաշկաբորբ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-08-16 17:16:24 Մաշկաբորբ 773

Խոշոր եղջերավորների մաշկի հանգուցային բորբոքումը` մաշկաբորբը (Dermatitis nodularis bovum), (Lumpy skin disease) վիրուսային հիվանդություն է, որի հետևանք կարող է լինել կաթնատվության նվազումը, իսկ ցլերի մոտ՝ ժամանակավոր կամ մշտական անպտղությունը:

Հիվանդության հարուցիչները:

Հարուցիչը ռիբոնուկլեինաթթու (ՌՆԹ) պարունակող վիրուս է, որը պատկանում է Նիդլինգ (Neethling) վիրուսների խմբին: Մաշկաբորբի նկատմամբ զգայունակ են խոշոր եղջերավոր կենդանիները, գոմեշները, ոչխարները: Հիվանդ կենդանիների մոտ հարուցիչը գտնվում է մաշկային հանգույցներում, մկաններում, արյան մեջ և շարակցական հյուսվածքի բջիջներում (ֆիբրինոբլաստներ): Մաշկաբորբի հարուցիչը դիմակայուն է ջերմաստիճանային ազդակների նկատմամբ՝ կենդանիների մաշկային ախտահարումներում պահպանվում է 33 օր, թքում՝ 11 օր, արյան մեջ և ներքին օրգաններում՝ 4 օր: Մարդիկ այս հիվանդությամբ չեն հիվանդանում:

Կլինիկական նշանները և տարածումը:

Մաշկաբորբին բնորոշ կլինիկական նշաններն են՝ ախորժակի նվազումը, արցունքահոսությունը, քթից լորձային կամ թարախային արտադրությունը տհաճ հոտով, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը (40-410C), որը պահպանվում է 7 օր, ավշային հանգույցների (հարթիակային, ազդրային և ենթամաշկային) մեծացումը, կրծի և վերջավորությունների հատվածում այտուցը:
Վարակի աղբյուր են հանդիսանում հիվանդ և վիրուսակիր կենդանիները, որոնք մեծ քանակությամբ վիրուս են արտազատում արտաքին միջավայր թքի, մեզի, կաթի, սերմնահեղուկի, կղանքի և պտղաջրերի հետ: Կարող է փոխանցվել նաև միջատների կծելու միջոցով:
ՀՀ-ում այս հիվանդության տարածման գործում մեծ դեր ունեն Հայաստանի Հանրապետությունում ձմեռող ձկնկուլները:

Կանխարգելման միջոցառումները:

Մաշկաբորբի ներթափանցումը կանխելու նպատակով՝ անասնապահությամբ զբաղվող անձինք պետք է պահպանեն մի շարք պայմաններ: Նախ՝ կենդանիներին չպետք է արածեցնել մաշկաբորբ հիվանդության նկատմամբ անապահով երկրների սահմանային տարածքներում և սահմանամերձ վայրերում, պետք է ստեղծել անասնազերծ գոտիներ՝ բացառելով արոտավայրերում հիվանդ և առողջ կենդանիների համատեղ պահելու հնարավորությունը, կենդանիներին պատվաստել մաշկաբորբի դեմ պատվաստանյութով: Պատվաստումից հետո նոր հիվանդ կենդանիներ հայտնաբերելու դեպքում, դրանք մեկուսացվում և բուժվում են կամ, անասնաբուժի ցուցումով, ենթարկվում են սպանդի:
Մաշկաբորբով հիվանդ կենդանիների սպանդից ստացված միսը թույլատրվում է օգտագործել սննդում առանց սահմանափակումների, եթե միսը չունի տեսանելի ախտաբանաանատոմիական փոփոխություններ և անասնաբուժասանիտարական տեսակետից անվտանգ է, սակայն ստացված կաշին և ներքին օրգանները ենթակա են ոչնչացման: Հիվանդ կենդանիներից ստացված կաթը թույլատրվում է օգտագործել 850C-ում 30 րոպե տևողությամբ պաստերիզացնելուց կամ 5 րոպե եռացնելուց հետո:
Ինչ վերաբերում է անկած կենդանիներին, ապա դիակները այրվում և թաղվում են վարակի օջախի տարածքում առնվազն 3 մետր խորությամբ: