Անվտանգ սնունդ տանը
Անվտանգ սնունդ տանը
2022-08-15 14:55:42 1065
Հետևեք 5 պարզ քայլի, որոնք կօգնեն տանը պաշտպանել Ձեզ և Ձեր ընտանիքին սննդային թունավորումներից
Քայլ առաջին՝ մաքրել
Հաճախակի լվացեք ձեռքերն ու մակերևույթները: Սննդային ծագման հիվանդությունների աղբյուր հանդիսացող մանրէները կարող են գոյատևել տարբեր տեղերում, այդ թվում՝ մարդկանց ձեռքերին, խոհանոցային տարբեր պարագաների վրա (կտրատման տախտակներին, խոհանոցային սեղանին, լվացարանում և այլն): Այդ ամենը ճիշտ չլվանալու և չմաքրելու դեպքում հնարավոր է մանրէներ տարածել պատրաստվող ուտելիքի մեջ և ընտանիքին մատուցվող սննդում:
Ահա լվացմանը և մաքրմանը վերաբերող մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն լավագույնս պաշտպանվել մանրէներից:
Լվացեք ձեռքերը 20 վայրկյանի ընթացքում օճառով և հոսող ջրով: Այսպես, թրջեք ձեռքերը հոսող գոլ կամ սառը ջրով, օճառեք և լավ շփեք: Չմոռանաք նաև ձեռքերի հակառակ կողմը, դաստակները, մատների արանքը և եղունգների տակը: Եղունգների տակը մաքրելու համար կարող եք օգտագործել ատամի կամ այլ խոզանակ: Շարունակեք շփելը 20 վայրկյանի ընթացքում (20 վայրկյան ժամանակը ֆիքսելու համար մտքում հաշվեք 11-ից 35-ը): Այնուհետև լվացեք ձեռքերը հոսող ջրով և չորացրեք միանգամյա օգտագործման սրբիչով կամ օդամղիչով:
Ծորակի փականն արժե փակել միանգամյա օգտագործման սրբիչով կամ հիգիենիկ թղթով, որպեսզի փականից մանրէները չանցնեն ձեռքերին:
Ձեռքերը պետք է լվանալ՝
- ուտելուց առաջ,
- ուտեստ պատրաստելուց առաջ, հետո և պարբերաբար պատրաստման ընթացքում,
- վերք մշակելուց ու վիրակապելուց առաջ և հետո,
- հում ձվի, մսի, թռչնամսի, ձկնամթերքի և դրանց հյութերի հետ գործ ունենալուց հետո,
- քիթը մաքրելուց, փռշտալուց կամ հազալուց հետո,
- կենդանիներին կամ դրանց արտազատումներին դիպչելուց հետո,
- աղբին դիպչելուց հետո,
- զուգարանից օգտվելուց հետո:
Լվացեք խոհանոցային պարագաները և մակերևույթներն ամեն անգամ օգտագործելուց հետո: Մանրէները կարող են տարածվել ողջ խոհանոցում, այդ թվում՝ սեղանին, կտրատման տախտակների և այլ պարագաների վրա: Դրանից խուսափելու համար՝
- օգտագործեք միանգամյա օգտագործման թղթե կամ կտորե սրբիչներ՝ խոհանոցային կահույքի և լվացարանի մակերևույթը մաքրելու համար: Դրանից հետո տաք ջրով լվացեք հագուստը, որը կրում եք,
- ամեն ուտեստի պատրաստումից հետո լվացեք խոհանոցային բոլոր պարագաները, այդ թվում՝ կտրատման տախտակները և սեղանը, տաք օճառաջրով և պարզաջրեք,
- որպես լրացուցիչ նախազգուշական միջոց կարելի է օգտագործել հետևյալ խառնուրդը՝ 1 ճաշի գդալ անհոտ հեղուկ քլորը լուծել 4 լիտր ջրում և լուծույթով ախտահանել մակերևույթները: Զգուշացեք լուծույթի հետ աշխատելիս. կրեք գոգնոց և կենցաղային ռետինե ձեռնոցներ:
Լվացեք միրգն ու բանջարեղենը հոսող ջրով: Եթե անգամ պատրաստվում եք կեղվել միրգը կամ բանջարեղենը, անհրաժեշտ է նախ լվանալ դրանք: Չլվանալու դեպքում կեղևից մանրէները կարող են անցնել մրգի և բանջարեղենի ներսի շերտեր կեղվելու կամ կտրելու ժամանակ:
Ահա, թե ինչպես է պետք լվանալ միրգն ու բանջարեղենը՝
- կտրեք-հանեք փչացած մասերը,
- լցրեք միրգն ու բանջարեղենը խորը թասի մեջ
- թրջեք մի քանի րոպե, այնուհետև լվացեք հոսող ջրով, ընդ որում մի օգտագործեք կենցաղային օճառ կամ այլ լվացման կամ ախտահանման միջոցներ,
- կենցաղային միջին չորության խոզանակով տրորեք պինդ միրգն ու բանջարեղենը (օրինակ՝ կարտոֆիլը, վարունգը, գետնախնձորը, նարինջը և այլն),
- սրբեք միրգն ու բանջարեղենը թղթե կամ կտորե սրբիչով, և վերջ:
Կանաչեղենը նույնպես պետք է նախապես թրջել թասի մեջ՝ ամբողջությամբ ծածկող ջրով, և թողնել 20 րոպե: Այնուհետև լվանալ հոսող ջրով և դնել քամոցի վրա:
Կանխեք խաչաձև աղտոտումը: Անգամ եթե լավ լվացել եք ձեռքերը, սպասքը և մակերևույթները, այնուամենայնիվ հում մսամթերքից, թռչնամսից, ձկնամթերքից և հում ձվից ախտածին մանրէները կարող են տարածվել արդեն պատրաստի ուտելիքի մեջ:
Պարզենք, թե որ սննդամթերքն է պետք պահել անջատ և ինչ պայմաններում:
Հում մսամթերքը, ձուն, ձկնամթերքը և թռչնամիսը մի կտրատեք բանջարեղենի համար նախատեսված տախտակի վրա: Խաչաձև աղտոտումը կանխելը հեշտ է:
- Օգտագործեք երկու տարբեր կտրատման տախտակներ, մեկը՝ հում մսամթերքի, ձկնամթերքի և թռչնամսի համար, իսկ մյուսը՝ բանջարեղենի, մրգի և այլ պատրաստի սննդամթերքի համար:
- Օգտագործեք տարբեր ափսեներ հում և պատրաստի սննդամթերքի համար: Օրինակ, պատրաստի կոտլետը ոչ մի դեպքում մի դրեք հում կոտլետների ափսեի մեջ:
- Հում սննդամթերք լվանալու, կտրատելու կամ պահելու համար օգտագործված լվացարանը, տախտակները և սպասքը լավ լվացեք տաք օճառաջրով՝ նախքան հաջորդ անգամ օգտագործելը:
- Երբ կտրատելու տախտակի վրա դժվար լվացվող փոսեր են առաջանում, ժամանակն է փոխել այն:
Խանութում հում մսամթերքը, ձուն, ձկնամթերքը և թռչնամիսը տարանջատված պահեք պատրաստի ուտեստներից, մրգից ու բանջարեղենից:
Խաչաձև աղտոտում կարող է կատարվել նաև խանութում: Դրանից խուսափելու համար՝
- սայլակի մեջ անջատ պահեք հում և պատրաստի սննդամթերքը,
- հետևեք, որ փաթեթավորողը հում սննդամթերքը և պատրաստի ուտեստները, մրգերն ու բանջարեղենը տեղավորի տարբեր պոլիէթիլենային տոպրակներում:
Սառնարանում պահեք հում մսամթերքը, ձկնամթերքը, ձուն ու թռչնամիսը անջատ ամբողջ սննդամթերքից:
Հում մսամթերքից, ծովամթերքից թռչնամսից և ձվից կարող է հեղուկ հոսել և մանրէներ տարածել պատրաստի սննդամթերքի վրա: Դրանից խուսափելու համար՝
- հում մթերքը սառնարանում պահեք լավ փակվող պլաստիկ տարաներում կամ պոլիէթիլենային զիփ-տոպրակներում,
- եթե չեք պլանավորում օգտագործել հում մսամթերքը, ձկնամթերքը կամ թռչնամիսը մոտակա մեկ օրվա ընթացքում, լավ է՝ սառեցնեք դրանք,
- ձուն պահպանեք հենց այն ստվարաթղթե կամ պոլիմերային տարաներում, որոնցով գնել եք խանութից:
Պատրաստեք ուտեստը ճիշտ ջերմաս-տիճանում: Մանրէները, որոնք վնասում են մարդուն, գոյատևում են 4.5-60օC-ում: Այդ պատճառով անհնար է գնահատել ուտեստի պատրաստի լինելը՝ միայն արտաքին տեսքից, գույնից և պնդությունից դատելով:
Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն այս հարցում:
Պատրաստեք ուտեստն առնվազն 80oC ջերմաստիճանում: Մսամթերքը, թռչնամիսը և ձուկը պետք է եփել այնքան ժամանակ, մինչև դրանց կենտրոնում ջերմաստիճանը հասնի առնվազն 80oC-ի:
Եթե ունեք սննդի ջերմաչափ, ապա օգտագործեք այն և այնուհետև լվացեք տաք օճառաջրով:
Խառնելու ենթակա ուտեստը խառնեք պատրաստման ընթացքում առնվազն մեկ անգամ: Եթե սննդամթերքի պիտակի վրա նշված է, որ անհրաժեշտ է տաքության աղբյուրն անջատելուց հետո ուտեստը մատուցել ոչ շուտ, քան մի քանի րոպեից, ապա մի անտեսեք այդ խորհուրդը: Ուտեստն այդ 1-2 րոպեի ընթացքում ավելի անվտանգ է դառնում և, իհարկե, ավելի համեղ:
Պատրաստումից հետո ուտեստը պահեք տաք վիճակում: Վնասակար մանրէների զարգացումը կարող է շարունակվել այն բանից հետո, երբ ուտեստի ջերմաստիճանը պատրաստումից հետո իջնի: Այդ պատճառով աշխատեք տաք պահել սնունդը մինչև մատուցելը:
Սառեցրեք սննդամթերքն ինչպես հարկն է:
Շուտ փչացող սննդամթերքում մանրէներ կարող են զարգանալ անգամ պատրաստելուց ընդամենը 2 ժամ հետո, եթե չսառեցնեք սննդամթերքը: Իսկ եթե եղանակը տաք է, և օդի ջերմաստիճանը բարձր է 32օC-ից, ապա այդ ժամանակահատվածը կրճատվում է մինչև 1 ժամ: Սակայն սննդամթերքը ժամանակին և ինչպես հարկն է սառեցնելու դեպքում հնարավոր է խուսափել ախտածին մանրէների վնասումից օրգանիզմին: Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն սննդամթերքի ճիշտ սառեցման հարցում:
Սառեցրեք շուտ փչացող սննդամթերքն աառվելագույնը երկու ժամվա ընթացքում:
- Համոզվեք, որ սառնարանում 0-4օC է, իսկ սառցարանում՝ -18օC-ից ցածր:
- Սառնարանի և սառցարանի դռները ամուր փակեք:
- Շոգ եղանակին սառեցրեք շուտ փչացող սննդամթերքը 1 ժամվա ընթացքում:
- Սննդամթերքի մնացորդները սառեցրեք նույն պայմաններում և ժամանակում, ինչ նոր պատրաստած ուտեստը կամ այլ սննդամթերք:
Մի հալեցրեք հում մսամթերքը, ձկնամթերքը կամ թռչնամիսը խոհանոցի սեղանին: Սենյակային տաք միջավայրը խթանում է ախտածին մանրէների զարգացմանը: Այդ պատճառով կա մսամթերքի, ձկնամթերքի կամ թռչնամսի հալեցման մի քանի անվտանգ եղանակ:
- Հալեցրեք սառցարանից հանած սառած սննդամթերքը հենց սառնարանում՝ ավելի տաք միջավայրում: Պարզապես սառած սննդամթերքը տեղավորեք ափսեի մեջ, որպեսզի հալած հեղուկը չհոսի, չտարածվի սառնարանում և չհանգեցնի խաչաձև աղտոտման: Այս եղանակով հալեցնելը տևում է մեկ օրվա չափ:
- Հալեցրեք սառցարանից հանած սառած սննդամթերքը սառը հոսող ջրով 30 րոպեի ընթացքում: Սակայն հալելուց հետո հում սննդամթերքը պետք է պատրաստել անմիջապես:
- Հալեցրեք սառցարանից հանած սառած սննդամթերքը միկրոալիքային վառարանում: Սակայն այս դեպքում ևս պետք է պատրաստել անմիջապես հալելուց հետո:
- Մի հալեցրեք հում մսամթերքը, թռչնամիսը կամ ձկնամթերքը: Եթե քիչ ժամանակ ունեք, կարող եք խաշել դրանք հենց սառած վիճակում: Սակայն հաշվի առեք, որ պատրաստման ժամանակահատվածը 50%-ով երկարում է:
Օգտագործման համար ընտրեք թարմ, մաքուր ջուր և սննդամթերք:
Չմշակված հում ջուրը, սառույցը, մսամթերքը և այլ սննդամթերքը սովորաբար պարունակում են առողջության համար վտանգավոր մանրէներ և քիմիական տարրեր: Փչացած, փառապատ, վատ մշակված, վատ պաստերացված կամ լվացված սննդամթերքը կարող է հանգեցնել թույների առաջացմանը: Թարմ և լավ մշակված սննդամթեքի օգտագործումը նվազեցնում է սննդային թունավորումների և աղիքային խանգարումների հավանականությունը:
Սննդային թունավորումներից խուսափելու համար ուշադրություն դարձրեք նաև մակնշմանը և մի օգտագործեք ժամկենտն անց սննդամթերք: